«Անուշիկս, սիրելի քույր․․․». բոլորը գիտեին, որ Սոսիի հետ զրույցը նման խոսքով էր սկսվում՝ միշտ դրական ու ջերմ, միշտ կիրթ ու գրագետ։
Սոսին ծնվել է Երևանում՝ մտավորականի ընտանիքում․ Վասպուրականից, Իգդիրից, Սյունիքից սերող արմատներով` նա իր մեջ ամփոփում էր Հայրենիքի այն լայն ընդրգկումը, որի հանդեպ անսահման սերն էլ ձևավորել էր Սոսիի հոգեկերտվածքը՝ հայ մշակույթին անմնացորդ նվիրված, անվերջ պրպտող, ճանաչող և բացահայտող։ Սոսիի սերը, առհասարակ, մեծ էր ու անմնացորդ՝ ամեն պարագայում՝ նա պաշտում էր իր հայրենիքը, իր մայրիկին՝ տիկին Էսթերին, իր լեզուն, իր քաղաքը՝ Երևանը, նրա սիրային բանաստեղծությունները մատնում են իր խորը ապրումները նաև անձնական կյանքում, անչափ սիրում էր ընկերներին, աշխատանքը՝ հեռուստատեսությունը, թատրոնն ու գրականությունը իր մեծագույն տարերքն էին։ Սոսին սիրում էր զավեշտալի իրավիճակներ ստեղծել ու սրտանց ուրախանալ յուրաքանչյուր հնարավոր պահով, բաշխել իր լույսը՝ խոսքի ու մտքի՝ միայն իրեն հատուկ սրությամբ ու քաղցրությամբ։
Սոսին դեռ մանկուց սիրում էր ստեղծագործել․ մանկապարտեզի դաստիարակչուհին մայրիկին զարմանքով պատմում էր, որ Սոսին «ինքն իրեն ոտանավորներ էր հորինում»։ Իսկ 11 տարեկանում արդեն, երբ փոքրիկ Սոսին լսում է Հանրային ռադիոյի՝ պատանի հաղորդավարների ընդունելության հայտարարությունը, անձամբ զանգահարում է ռադիոտուն ու խնդրում, որ իրեն հերթագրեն հարցազրույցի համար։ Տիկին Էսթերը պատմում է, որ հանդիպման ժամանակ Սոսին այնպիսի համարձակ ու հնչեղ ձայնով և առոգանությամբ է կարդացել ներկայացված տեքստը, որ արժանացել է հանձնաժողովի հիացմունքին ու անմիջապես ընդունվել՝ որպես մանկապատանեկան հաղորդումների հաղորդավար։ Այսպես էլ՝ սեփական նախաձեռնությամբ, Սոսին մտնում է լրագրության աշխարհ, որտեղ անցնում են իր թե՛ պատանեկության, թե՛ հասուն տարիքի՝ ճակատագրով սահմանված կարճ, բայց աննկարագրելի բեղուն ու ստեղծարար տարիները։
Փոքրամարմին ու, առաջին հայացքից, փխրուն Սոսին, իրականում, շատ դիմացկուն ու կոփված էր․ գաղտնիքն այն է, որ նա մի քանի տարի եղել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ սկաուտական միության անդամ՝ մասնակցել մարզումների, ճամբարների, կատարել ծանր ֆիզիկական աշխատանք, և, իհարկե, եղել սկաուտական ընկերների սիրելի և հոգատար խմբապետուհին։ Նրանց՝ ճամբարային կյանքի դժվարություններում թրծված ընկերությունը շարունակվում է մինչև այսօր, խմբի արկածների զավեշտալի պատմությունները վերջ չունեն, և, բնականաբար, դրանց կենտրոնում հաճախ հենց Սոսին է՝ իր հնարքներով և կատակներով։
Ճամբարային արկածները, սակայն, Սոսիի մեջ չէին մարում ստեղծագործելու ու բեմ բարձրանալու ձգտումը։ 9-րդ դասարանում իր համադասարանցու հայրիկի՝ Մակիչ Մարգարյանի շնորհիվ առաջին անգամ բախտ է ունենում հանդիպել Խորեն Աբրահամյանին,որի հեղինակությունն ու տաղանդը մեծ ազդեցություն են ունենում Սոսիի վրա հետագայում։ Հանդիպմանը Սոսին մեծ դերասանին բողոքում է, որ ինքը ցանկանում է դերասանուհի դառնալ, սակայն մայրիկը դեմ է իր այդ որոշմանը։ Աբրահամյանը խորհուրդ է տալիս լսել մայրիկին՝ ասելով, որ, միևնույն է, «թատերական տաղանդն այնպիսի բան է, որ մի օր անպայման կդրսևորվի»։
Այդպես էլ լինում է․ դպրոցն ավարտելուց հետո Սոսին ընդունվում է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի՝ անգլերեն լեզու և գրականություն բաժինը (2003 - 2007), և շատ չանցած՝ միանում տիկին Կարինե Դավթյանի գլխավորությամբ գործող «Համալսարանական» թատերական ստուդիային։ Նորաստեղծ ստուդիան համալսարանի ակադեմիական միջավայրում ստեղծագործելու, մշակութային կյանքով ապրելու և, իհարկե, բեմական արվեստում սեփական ուժերը փորձելու հնարավորություն է բացում Սոսիի համար։ Նրա դերակատարումները՝ Սառա, Լեյլի, մեծ սիրով են ընդունվում հանդիսատեսի կողմից․ ակնահայտ էր, որ թատրոնի հանդեպ Սոսիի մեծ սերն ու ձգտումը ոչ միայն հետաքրքրասիրությամբ էր պայմանավորված, այլև իսկապես թաքնված դերասանական տաղանդով, որը նա ազատորեն դրսևորեց համալսարանական ստուդիայում։
Բակալավրիատը գերազանցությամբ ավարտելուց հետո Սոսին մագիստրատուրայի համար ընդունվում է ԵՊՀ Միջազգային ժուռնալիստիկայի բաժին (2008 - 2009), որը ևս փայլուն ցուցանիշներով է ավարտում: 2008-ին սովորում և ավարտում է Լոնդոնի Քեմբրիջի Մերիդիան քոլեջը, Լրագրողների միջազգային կենտրոնից ստանում հավաստագիր-վկայական (2009)։
Թեեւ հաճախ ասում էր, որ «պաշտպանելով չեն դառնում գիտնական», սակայն ինքն էլ դառնում է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի հայցորդ (2010-2018)՝ հեղինակելով «Հեմինգուեյի կարճ պատմվածքները» թեմայով դիսերտացիան, որը վերջին տարիներին ամբողջությամբ պատրաստ էր պաշտպանության համար, սակայն Սոսին ցանկանում էր այն պաշտպանել իր սիրելի հեղինակի հայրենիքում՝ ԱՄՆ-ում՝ Եյլի համալսարանում, որի գրադարանում էլ շաբաթներ շարունակ ուսումնասիրել էր Հեմինգուեյի պատմվածքներն ու դրանց վերաբերյալ առկա գրականագիտական աշխատությունները։
Առհասարակ, որևէ թեմա ուսումնասիրելու համար Սոսին երբեք չէր բավարարվում մեկ կամ երկու հասանելի աղբյուրով, նա փնտրում էր առնչվող բոլոր հնարավոր հղումները, պեղում անտեսված նյութերը, Երևանի գրադարանների մշտական այցելուն էր՝ ամեն այցի ընթացքում ժամերով տնտղելով անհրաժեշտ գրականությունը, գտնելով ու վեր հանելով մոռացված տեղեկություններ և արդյունքում՝ թեման մատուցելով բոլորովին նոր ու խորքային կերպով։
2010թ․-ից սկսվում է Սոսիի կյանքի հեռուստատեսային փուլը՝ նախ՝ որպես հաղորդավար «Արարատ» ՀԸ-ում, ապա՝ խմբագիր, պրոդյուսեր, սցենարիստ և բազմաթիվ ֆիլմերի ու հաղորդումների հեղինակ «Շանթ», «Արմնյուզ» և, իհարկե, իր սիրելի Հանրային հեռուստաընկերությունում։ Հանրայինի հետ Սոսիի կապը միայն աշխատանքային չէր, այն դարձավ Սոսիի «ալմա մաթերը», այստեղ նա իսկապես կայացավ որպես մասնագետ ու լավագույն կերպով դրսևորեց սցենարիստի ու հեղինակի իր տաղանդը։ Անկախ աշխատանքի բնույթից և ժանրից՝ ժամանցայինից մինչև գիտահանրամատչելի ծրագրեր, «Եվրատեսլ»-ից մինչև վավերագրական ֆիլմեր՝ գործընկերները Սոսիի աշխատելաոճը որակում են որպես ամենապատասխանատու, ամենաբծախնդիր, ամենակարգապահ և ճշտապահ։ Նրա համակարգման ներքո գտնվող ծրագրերը միշտ հարթ էին ընթանում և լավագույնս կազմակերպված, նա թե՛ լավ առաջնորդում էր, թե՛ հրաշալի թիմային աշխատող էր՝ մշտապես հոգ տանելով նաև թիմի ներսում առողջ հարաբերությունների, փոխըմբռնման և բարձր տրամադրության մասին։
Սոսին անհանդուրժող էր միայն․․․ անարդարության հանդեպ։ Անազնիվ, անսկզբունքային մարդը երբեք տեղ չէր ունենա Սոսիի կողքին, նրա համար շատ կարևոր էր, որ հարաբերություններում բացառվի կեղծիքն ու սուտը։ Ինքը լինելով ազնվագույն մարդ՝ իր գնահատականների մեջ անողոք էր, երբեք չէր խուսափում բարեկիրթ, բայց սուր կերպով արտահայտել իր կարծիքն ու վերաբերմունքը։ Իսկ «դավաճանություն» բառն, առհասարակ, անընկալելի էր նրա համար, և իր սկզբունքայնության պայքարը արտացոլված է նաև մի շարք բանաստեղծություններում, որոնք նա գրել է տարբեր տարիներին՝ տարբեր իրավիճակներում միշտ արտահայտելով իր բողոքն ու վրդովմունքը։
Սոսիի ստեղծագործական ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումները, հավանաբար, Հանրայինում ստեղծած ֆիլմաշարերն են, որոնք դասագրքային կարևորություն ունեն թե՛ այսօր, թե՛ գալիք սերունդների համար։
Նրա «Քաղաքը» 17-մասանոց ֆիլմաշարը (2018-2019)՝ ամբողջությամբ թաթախված Երևանի հանդեպ Սոսիի անմնացորդ սիրով, ներկայացնում է քաղաքի ողջ պատմությունը՝ դեռևս նախնադարյան քաղաքակրթության հիշատակումներից մինչև մեր օրերը։ Երևանի ձևավորման և զարգացման ժամանակագրության և մարդկային պատմությունների այս լուսավոր սինթեզը քաղաքի մասին պատմագիտական, հասարակագիտական, մշակութաբանական ահռելի տեղեկությունների կինո-շտեմարան է՝ արդիական և հետաքրքիր մատուցմամբ։
2019 թվականը՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տարին, հատկապես ծանրաբեռնված էր Սոսիի համար՝ առիթ տալով ստեղծագործել իր համար այդքան սիրելի հայ մեծերի ներշնչանքով, աշխատել նրանց հոբելյանին նվիրված նախագծերում։
Այսպես, Սոսին հեղինակում է Հովհաննես Թումանյանին նվիրված կարճ տեսանյութերը՝ մերօրյա իրականություն բերելով հայ մեծագույն բանաստեղծի տողերն ու խոսքը։
Իսկ «Վարդապետը» 4-մասանոց ֆիլմաշարի ստեղծման ընթացքում Սոսին այնպիսի ծավալուն հետազոտություն է իրականացնում, որ հավաքած նյութը կբավարարեր ևս մի քանի մաս մոնտաժելու համար։ Նա ճամփորդում է Կոմիտասի հետքերով՝ Կեսարիա, Պոլիս, Թբիլիսի, Փարիզ, Բեռլին, զրուցում Վարդապետի կյանքի և ստեղծագործության լավագույն գիտակների հետ՝ արդյունքում հեղինակելով Կոմիտասի մեծությունը հնարավորինս համապարփակ ներկայացնող ճանաչողական և, միևնույն ժամանակ, հոգևոր մի ֆիլմաշար։
2019-2020թ․թ․ Սոսին հեղինակում է նաև հայկական հեռուստատեսության երախտավոր ռեժիսորին նվիրված «Վիլեն Զաքարյան. Նորարարը» փաստավավերագրական ֆիլմը, որին հենց ինքը՝ Վիլեն Զաքարյանը, շատ բարձր գնահատական է տալիս՝ որպես հեղինակային աշխատանք։
Նշված ֆիլմերին զուգահեռ՝ Սոսին հեղինակում էր և խմբագրում Հանրայինի կարևորագույն ծրագրերի սցենարները ու համակարգում դրանց աշխատանքները, ինչպես օրինակ՝ Եվրատեսիլի ամենամյա հեռարձակումը, ԿոՆԻՖԱ Եվրոպայի չճանաչված հանրապետությունների ֆուտբոլային մրցաշարի նկարահանումն ու հեռարձակումն Արցախից 2019թ․, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը 2020թ․, երբ, համավարակի պայմաններում, Ծիծեռնակաբերդի բարձունքից ողջ գիշեր դասական երաժշտության համերգ էր հեռարձակվում։ Ավելի ուշ՝ Սոսին արդեն աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, սակայն շարունակում էր մշակել մի շարք վավերագրական ֆիլմերի սցենարներ, ինչպես՝ Շեքսպիրի թատերգության և հայ մշակույթի առնչությանը նվիրված տեսաֆիլմը, որի թեմայի հետքերով նա 2018թ․-ին նկարահանումներ էր իրականացրել Պոլսում, ինչը նախատեսվում էր շարունակել նաեւ Վենետիկում և Լոնդոնում։ Ընթացքի մեջ էին Առնո Բաբաջանյանի և Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմերի սցենարային աշխատանքները․ ֆիլմեր, որոնք, վստահաբար, կլրացնեին իր կյանքի 35 տարիների ընթացքում Սոսիի ստեղծած հայագիտական, հայաճանաչման հսկայական շտեմարանը․ նրա յուրաքանչյուր գործ կարմիր թելով կապված է մյուսի հետ՝ հայի ու հայկականի արժեքի վեր հանման, վերաիմաստավորման, գնահատման իր ձգտումով։
Այդպիսին են նաև նրա հոդվածները, որոնք հրապարակվել են Մեդիամաքս լրատվական կայքում։ Այստեղ նույնպես Սոսին մատուցում է հայ և համաշխարհային մշակույթի մեծերի կյանքի անհայտ կամ պակաս շոշափված կողմերը` Սարոյան, Տերյան, Թումանյան, Մայակովսկի, Ախմատովա… Սոսին բացում է նրանց ապրումներն ու կապը հայերի ու Հայաստանի հետ, ներկայացնում իսկական մտավորականի կերպարը, որը մշտապես ապրում է իր ազգի հոգսերով։ Որոշ հոդվածներում Սոսին ներկայացնում է հայության վերաբերյալ իր իսկ մտորումներն ու փորձառությունը աշխարհի տարբեր ծայրերում։ Նա ամուր թելերով էր կապված իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որտեղ կգտնվեր, Սոսին ամեն տեղ բացահայտում էր իր կապը տեղի հայկականության հետ, ծանոթանում Սփյուռքում բնակվող հայրենակիցների հետ, գտնում իրեն հարազատ մարդկանց ու պատմություններ, անգամ՝ Լոս-Անջելեսի օդանավակայանում, որտեղ պատահաբար ծանոթանում է շեղաչք սահմանապահ Բայանդուրյանի հետ։
Սոսիի երազանքները, ձգտումները, անափ սերն արտացոլված են նաև այն երգերում, որոնք ստեղծվել են իր հեղինակած տեքստերով․ նա երգում է ազատություն, երգում ընկերություն, հավատարմություն, անձնական ու անանձնական սեր, և, իհարկե, նվիրում ու սեր առ հայրենիք։ Թերևս, Սոսիի ամենահայտնի ստեղծագործությունը դարձավ «Արցախ» երգը․ դեռևս 2020թ․ տարվա սկզբին հեղինակած բառերը հանկարծ շատ ավելի ցավոտ ու արդիական դարձան ամիսներ անց։ «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի․․․»․ սկսվեց Արցախյան պատերազմը։ Երգն անմիջապես սիրվեց ու տարածվեց՝ կրելով պատերազմում պայքարող մի ամբողջ ժողովրդի ցավն ու հույսը, երգելով ազգի պայքարը։ Սոսիի հեղինակած խոսքերը, ինչ-որ տեղ, մարգարեական եղան, սակայն իրադարձությունների ընթացքը կոտրեց ազատ և ամբողջական Արցախի երազը, կոտրեց նաև այդ երազով ապրող Սոսիի հավատը։ Հետպատերազմյան ամիսները Սոսիի համար շատ ծանր մտորումների ու ապրումների շրջան էին, երբ նա մի քանի օրով լիովին առանձնացավ և գրեց իր «Ազգը» էսսեն, որտեղ ամփոփեց իր սիրելի հայ ազգի մոլորությունների ու թերացումների մասին իր դատողություններն ու ցավը։
Սոսին մեզնից հեռացավ հաջորդ գարնան առաջին օրը․․․ սակայն մեզ թողեց իր ապրեցնող սերը, հոգատարությունն ու լույսը մարդկանց բաշխելու պատգամը։